Քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է
09.06.2020 | 00:35
Բնական է, որ Հայաստանում հին ու նոր քաղաքական իշխանությունների միջև ծավալված կենաց ու մահու պայքարի պայմաններում պիտի ծնվեին նոր «երրորդ» կուսակցություններ, դաշինքներ, շարժումներ՝ փորձված ու անփորձ, նորընծա թե հնաոճ և այլն: Եվ եթե, ասենք, պրոֆեսիոնալ քաղաքագետ (չեկիստ) Վանեցյանի կուսակցության շատ գործողություններ կարելի է կանխատեսել, ապա դժվար է նույնիսկ կռահել, թե ինչի կհանգեցնեն սասնահիմք Ազգային ժողովրդավարական բևեռի արտասովոր հավակնությունները:
Անշուշտ ոչ ոք չի կասկածում, որ մեր նորաթուխ բևեռախույզներն անկեղծ հայրենասերներ են և խորապես համակված են «թալանված, կեղեքված, խաբված, ողորմելի ու խղճուկ վիճակում հայտնված հայրենիքը» վերջնական կործանումից փրկելու նկրտումներով: Սակայն ուրիշ է տպավորությունը, երբ բևեռի ներկայացուցիչները բազմաթիվ ելույթներում խոսում են իրենց գործնական կողմնորոշիչների մասին:
Մի կողմ դնելով երկրի վերափոխման հռչակագրային ծրագրերը, կանգ առնենք նրանց արտաքին քաղաքական սոսկ մեկ ուղեցույցի՝ ռուսամերժության թե ռուսատյացության վրա: Բևեռի բոլոր ղեկավարները իրենց խրոխտ ելույթներում նշավակում են բիրտ Ռուսաստանի հակահայաստանյան նենգ քաղաքականությունը, որ մենք նրա համար ընդամենը գաղութ ենք կամ կիսագաղութ, որ նա մեր նախկին ղեկավարներից ոչ պակաս կրքով թալանում ու կեղեքում է մեր երկիրը, չնայած մեր դաշնակիցն է, նույնիսկ գազի գինն էլ չի իջեցնում, կասեցնում է մեր առաջընթացը և այլն, և այլն: Մի իսկական հրեշ է այդ Ռուսաստանը՝ պատրաստ հոշոտելու մեզ: Եվ ներկայիս «անատամ» իշխանություններն էլ կտրել են ձայներն ու հների նման նույնպես դարձել Ռուսաստանի հլու-հնազանդ կամակատարները: Երբեմն բանը հասնում է նրան, որ ռուսները դառնում են շատ ավելի քստմնելի ու անհանդուրժելի, քան մեր այն ազգային տականքները, որոնք երկիրն իրոք կանգնեցրել են աղետի եզրին: ՈՒ՞ր է երբեմնի ըմբոստ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ էության, արտասովոր ոչինչ չկա այստեղ: Բոլոր ընդդիմադիրներն էլ, և ոչ միայն Հայաստանում, խիզախ ու անաչառ են, երբ իշխանություն չունեն, պատրաստ են կառափնարանին դնելու իրենց վիզը հանուն հայրենիքի, զերծ են կոռուպցիոն հակումներից, չեն խորշում սոված աշխատելուց ի շահ հայրենակիցների բարեկեցության, խիստ հանդուրժողական են վերջիններիս դժգոհության դրսևորումների նկատմամբ և այլն: Նիկոլ Փաշինյանի համար ոչինչ չարժեր փնովել Ռուսաստանին խորհրդարանի անամպ մթնոլորտում: Սակայն դառնալով պետության ղեկավար և անմիջականորեն՝ երես առ երես բախվելով իրական հզոր ուժի հետ, տեսնում է, որ դաժանորեն կպատժվեն և՛ ինքը, և՛ երկիրը, եթե դրսևորի անհարկի ամբիցիաներ: Նույնն է սպասում նաև բևեռականներին, եթե երբևէ նրանց հաջողվի իրականացնել իրենց գերագույն նպատակը՝ գալ իշխանության գլուխ:
Ի վերջո, ինչով է ուզում հակադրվել Ռուսաստանին մեր միացյալ բևեռը: Իրական ինքնիշխանության հաստատում, արժանապատվություն, պահանջատիրություն: Բայց ի՜նչ միջոցներով. ահա սա հանելուկային է: Ո՞ր օրվանից է «արժանապատվությունը» դարձել ազդեցության հզոր գործիք փոքր պետության ձեռքին ընդդեմ իրեն վերահսկող մեծ տերության: Ո՞րն է այն իրական փրկիչ բազան, որի վրա հենվելով, կարող ես «ազատագրվել-շտկել մեջքդ» ու դառնալ ինքնիշխան: Անհայտ է: Արդյո՞ք պահանջատիրության համար պարտադիր չէ տնտեսական ու ռազմական ուժի առկայությունը: Իսրայելի օրինակով: Երբեմն բանը հասնում է զավեշտի. բևեռականների ոգեշնչմամբ անծայրածիր միջուկային գերտերություն Հայաստանը մատ է թափ տալիս՝ սպառնում տարածաշրջանային շրջափակումների մեջ խրված, սեփական առաջնորդների լպիրշությունից սնանկացած, ներքաղաքական հակասություններից մոլորված Ռուսաստանին: Ավելին, պարզվում է, որ Ռուսաստանը կանգնած է փլուզման եզրին և Հայաստանի համար պայծառ հեռանկարներ են բացվում իսկական ինքնիշխանության հասնելու համար: Մեղա քեզ, Տեր Աստված: Կարո՞ղ է Քոչարյանն ու Սարգսյանը ատոմային զենք են ժառանգություն թողել, մենք տեղյակ չենք:
Կամ, բևեռախույզները կասկածու՞մ են, որ եթե իրոք դրվեն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության՝ ռազմաբազայի և սահմանապահ զորքերի վերացման հարցը և նույնատիպ այլ պահանջներ, ապա, օրինակ, քառօրյա պատերազմները կդառնան քրոնիկական: ՈՒ՞մ համար է գաղտնիք, որ Ղարաբաղը կռվախնձոր է Ռուսաստանի ձեռքին երկու պետությունները հնազանդ պահելու համար: Որտեղի՞ց համոզմունք, որ Ռուսաստանը հեզ գառան պես (կոպիտ չասենք) կհանդուրժի իր դեմ ուղղված գործողություները: Ո՞ր գերտերությունն է հրեշտակ: Լավ, մեզ համար բավարար չե՞ն Վրաստանի և ՈՒկրաինայի օրինակները: Սաակաշվիլին բացահայտ ագրեսիվ հակառուսական քաղաքականություն էր վարում և նույնիսկ հանդգնեց անհանգստացնել ռուս խաղաղապահներին: Եվ ինչ ստացավ դրա դիմաց. կորցրեց երկրի տարածքի 20 տոկոսը և սեփական ժողովրդին խրեց թերարժեքության բարդույթի մեջ: Ո՞վ կանգնեց Վրաստանի թիկունքին: Նույնպիսի ճակատագրական փաստի առաջ կանգնեց ՈՒկրաինան: Համաշխարհային «առաջադեմ» հասարակայնության աչքի առաջ:
Ի դեպ, հաճախ են մեր բևեռականները նեղսրտում, թե ինչու է Ռուսաստանը հակառուս Վրաստանին գազ վաճառում ավելի էժան գնով, քան դաշնակից Հայաստանին: Ռուսական թերթերից մեկը հուշում է. Վրաստանի ղեկավարությունը, տեսնելով հակառուսական քաղաքականության ողբալի հետևանքները, թեկուզ և ներքին կարգով փորձում է լեզու գտնել Կրեմլի հետ և վերջինս «ընդառաջում» ու որոշակի «զիջումների» է գնում տարբեր հարցերում: Եթե հիշում եք, ռուս-վրացական վերջին կոնֆլիկտից հետո ռուսները փակեցին ավիաուղերթերը, բայց զբոսաշրջական արգելքներ չմտցրին: Լավ կպահեք ձեզ, որոշակի արտոնություններ կստանաք՝ սա է անողոք իրականությունը:
Իսկ հիմա բևեռականների համար մոտալուտ տխուր մի իրողության մասին: Արևմուտքում շրջանառության մեջ է մտնում այն քաղաքական մտայնությունը, որ եվրոամերիկյան ժողովրդավարական քաղաքակրթությունը գլոբալ ազդեցության համար մղվող պայքարում տանուլ է տալիս տոտալիտար Չինաստանին: Թեման լայնորեն քննարկվում է նաև ռուսաց լրատվամիջոցներում: Ինչպես վկայում է ռուսական մամուլը, Պուտինի համակրանքը Չինաստանի կողմն է, և նա շահագրգռված է վերջինիս հաղթանակով: Ռուսաստանն ինքը հարուստ է տոտալիտար թե ավտորիտար ավանդույթներով, և ժողովրդավարական Արևմուտքի ու տոտալիտար Չինաստանի համադրությունը Մոսկվային հնարավորություն է տալիս ընտրություն կատարել համակարգի արդյունավետության տեսանկյունից: Եվ որպես հետևանք՝ ավտորիտար Ռուսաստանը շատ ավելի անսեթևեթ կլինի իր ազդեցության գոտում գտնվող փոքր պետությունների հանդեպ: Մենք ունենք դրա առնվազն խորհրդային փորձը: Համենայն դեպս, Ռուսաստանում ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը սահմանադրական փոփոխություններից հետո կշարունակի կառավարել երկիրը, նոր շունչ հաղորդելով «ուժեղ ձեռքի» գաղափարին:
Այո, պետք է խելամտորեն ու հաշվենկատորեն լեզու գտնել հզորի հետ, և ոչ թե թույլի դիրքից մաքառել նրա դեմ: Եկեք կրկին վերհիշենք սրամիտ Ռոնալդ Ռեյգանի մի աֆորիզմը. «Ասում են, որ քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է: Բայց ես հանգել եմ այն եզրակացությանը, որ նա շատ ավելի ընդհանրություններ ունի առաջինի հետ»:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ